Դաշնամուր նվագող տղան…

boy-music-photography-piano-Favim.com-306634 

Խավարի մեջ պարզ երևում էին դաշնամուրի սպիտակ ստեղները: Ամեն ինչ շուրջը լուռ էր ու խաղաղ: Մտքում անընդհատ մի մեղեդի էր պտտվում, բայց այդպես էլ վերջնական տեսք չէր ստանում:  Մատներն արագ տարավ ստեղների վրայով: Հոգևոր ինչ-որ բան կա այս ստեղների մեջ, դյութում է աներևակայելի արագությամբ ու հմայքով: Նոտաների թուղթը դատարկ էր: Կամ խզբզում ու գցում էր, կամ էլ կանգ էր առնում մի կիսատ նոտայի վրա: Զարմանալիորեն չէր ստացվում այդ օրը: Իսկ մեղեդին քրքրում էր միտքը, բայց չէր վերարտադրվում: Մուսա էր պետք…

Անմիջապես որոշեց դուրս գալ փողոց: Ոգեշնչման աղբյուր դժվար թե գտներ: Գիշերվա խավարը խժռել էր ամեն ինչ: Խավարի մեջ հազիվ էին երևում բարձրահարկ շենքերը, որոնք այսօր մոռացել էին կարծես լուսավորվել: Հանեց ծխախոտը, վառեց, խորը ներս քաշեց ծուխն ու քթանցքներից դուրս թողեց: Չի ստացվում, գրողը տանի…

Քայլերը տանում էին անհայտ ուղղությամբ: Ասես կորցրել էր ինքնակառավարումը: Գնում ու գնում էր: Շունչը կտրվում էր արդեն, բայց բերանից չէր հանում արդեն կիսով չափ մոխրացած գլանակը: Կանգառում տեղակայված նստարանին մի ֆիգուր պատկերվեց: Կանացի էր կարծես: Որոշեց մոտենալ. գուցե օգնության կարիք ուներ:

Մոտենալուն պես աչքերը կկոցեց ու սկսեց ուսումնասիրել կանգառում նստած փոքրամարմին այդ էակին: Բարակ բլուզով ու կարճ շրջազգեստով անճաշակ հագնված մի կին էր: Համարյա երեսուն տարեկան կլիներ, բայց տեսքն ու շարժումները անմիջապես մատնեցին ով լինելը:

— Գրողի տարած գիշեր…. Ամբողջ երեք ժամ ու ոչ մի հաճախորդ… Ծխախոտ տուր…

Զգուշորեն նստեց կողքին: Գրպանից հանեց ծխախոտի տուփը ու մի գլանակ մեկնեց կնոջը:

— Կրակ ունե՞ս:

Առանց բառ ասելու կրակայրիչը մոտեցրեց ու գլանակը վառեց:

— Անունդ ի՞նչ է:

— Գիշերով դուրս ես եկել տաքուկ բնիցդ, որ ինձ անուն հարցնե՞ս… Լոլա, Մարգարիտա, Սոնա… քեզ համար միևնուն չէ՞…

— Չէ… կարևոր է…

— Էմիլիա…

— Իսկ եթե լրջանանք…. Իսկական անունդ ասա:

— Մանե…

— Սիրուն է:

— Անու՞նս, թե՞ ես:

— Երկուսն էլ:

Լուռ ծխում էին: Ասես խավարի հետ միասին մաշկը ներծծում էր ծխախոտի դառնահամ ու դառնահոտ թույնը: Նայեց կնոջը: Պարկեշտ հագուստ, մինիմալ շպար ու իսկական գեղեցկուհի կստացվի: Նուրբ դիմագծերը, գեղեցկությունը,  ամեն բան փչացնում էր հենց իր փչացած կյանքը:

— Արի տուն գնանք:

— Վճարելո՞ւ ես:

— Հա….

Փողոցի լռությունը խախտում էին նրանց ոտնաձայները, որոնք դանդաղ ուղղվեցին դեպի դաշնակահարի բնակարան: Մանեն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց շուրջը ու անմիջապես նկատեց դաշնամուրը, կիսատ-պռատ թղթերը: Մոտեցավ դաշնամուրին, մատները տարավ ստեղների վրայով: Դանդաղ նստեց աթոռին: մատներն ուղղակի հպվում էին ստեղներին, հնչում էր մեղմ մեղեդի, ֆալշ նոտաներ, բայց քաղցրահնչյուն ու կարոտագին… Դաշնակահարը մոտեցավ նրան թիկունքից: Դադարեց նվագել:

— Շարունակիր…, — շշնջաց դաշնակահարն ու շուրթերը մեղմ հպեց նրա ուսին….

Առավոտյան նրա մատները ստեղների վրա կենդանացնում էին մտքում թրթռացող այն մեղեդին, կյանքի թևեր տալիս նրան ու անմահացնում նոտաների թղթերի վրա: Պատրաստ էր… Մի պահ տխուր ժպտաց, գլուխը դանդաղ շրջեց ու անկողնում տեսավ կիսամերկ Մանեին… Իր վաճառված մուսային….

 

Այս նյութը հրատարակվել է Պատմվածքներ, Այլ, Երկխոսություն, Խառը մտքեր-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Responses to Դաշնամուր նվագող տղան…

  1. BlogNewsասում է՝

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել մեկնաբանություն