Զրույց գիշերվա հետ…

5231753324_ce6ba4721d_z

-Բարև…

— Բարև…

— Ինչպե՞ս ես…

— Լավ, դո՞ւ…

— Փորձում եմ լավ լինել:

— Առողջանո՞ւմ ես:

-Երևի… Ինչո՞ւ չես քնում:

— Չգիտեմ…

— Բարկացած ու նեղված ես թվում…

— Չէ, ոչ մի նման բան…

— Ի՞նչ ես անում:

— Ոչինչ… պառկած եմ:

— Բայց դա անելիք չէ… դա իրավիճակ է:

-Թող լինի այդպես:

— Բայց դրանք տարբեր բաներ են:

— Ցանկանում ես իմանալ` ինչո՞վ եմ զբաղված: Դատարկությամբ…

— Իսկ եթե փորձեմ դատարկությունդ լցնե՞լ…

— Զրուցի~ր հետս…

— Թեմա առաջարկիր:

— Ախր ասացի, չէ՞… Դատարկություն է…

— Ինչո՞ւ…գիտե՞ս…

— Բնավ:

-Ես ասե՞մ…

-Հա…

-Դու սիրում ես դատարկությունը, հոգիդ անչափ սիրում է այն, այլապես ինքդ ելքեր կորոնեիր` դուրս գալու այդ իրավիճակից:

— Երբեք թեմա չեմ առաջարկում: Ըհն, կարծես թե սիրում եմ մենակությունը:

-Իսկ եթե ինքս թեմաներն առաջարկե՞մ… կընտրե՞ս:

— Փորձենք:

— Ատելություն, դավաճանություն, հավատարմություն… մմմմմ, սեքս, կյանք, հարգանք, վրեժ, զիջում…դե՞…

— Զղջում…

-Կա՞ մի բան, որի համար խիստ զղջում ես (Առաջընթա~ց… թեման ինքդ ասացիր…):

— Հա, շատ բաների համար եմ զղջում:

-Ե՞վ:

— (Ինչպե՞ս ես ինձ ստիպում հոգիս բացել քո առաջ) Որովհետև ամեն ինչ աննպատակ է:Մենք աննպատակ ենք ապրում, օր ենք մեռցնում, քարշ ենք տալիս սեփական գոյությունը:

— Կձևացնեմ, որ այդ հիմար միտքը չարտահայտեցիր:

— Ինչո՞վ էր հիմար:

— Դու նպատակ չունե՞ս: Ոչ մի տեսակի՞:

-Չէ:

— Օրինակ` չե՞ս ցանկանում սիրվել:

— Ոչ: Սիրելու ընդունակ չեմ:

— Ձեր պատասխանը սխալ է: Դու չես ուզում սիրել պարզապես:

— Չեմ ուզում: Ես մեղավոր եմ ինձ զգում կիսատ մնացած սերերիս համար:

— Պիտի ցանկանաս սիրել:

— Մարդիկ ինձ սիրում են, որովհետև ես իրենց պետք եմ:

— Մարդիկ քեզ սիրում են, որովհետև կարողանում են քեզ օգտագործել:

— Եվ ես իրապես արժանի եմ դրան: Ես ինքս եմ թույլ տալիս, որ ինձ ուզած կերպ օգտագործեն… օգտագործեն զգացմունքներս, անձս, հատկանիշներս, ինտելեկտս…

— Բայց դու ինքդ ես թույլ տվել: Դու ցանկացել ես, որ քեզ օգտագործեն:

— Հավանաբար… ինձ բնորոշ է դրամատիկ կերպարը:

— Կցանկանայի՞ր ամուսնանալ:

— Օ~, ոչ…. Ես բոլորովին պիտանի չեմ ամուսնության համար: Չափազանց էգոիստ եմ ամուսնանալու համար: Ես անկայուն մարդ եմ, կարող եմ ընտանիքիս լքել, երբ խելքիս փչի, կարող եմ սիրահարվել ուրիշ տղամարդու և նոր սիրահարի նման լքել ամուսնուս:

— Դու չե՞ս ցանկանում ապրել այն մեկի համար, ում համար պարտավոր ես ապրել:

-Ուզում եմ:

— Ահա նպատակ համար 1-ը:

— Փորձում ես իմաստ հաղորդել կյանքիս… իզուր…

— Բացարձակ… ուղղակի քայլում ենք իրար կողքի, զրուցում միմյանց հետ: Իսկ ենթադրելն ու եզրահանգումները թողնում եմ քեզ:

— Մենակությունից լավ բան չկա:

— Իսկապե՞ս… էլ ինչո՞ւ ես ապրում:

— Չեմ ապրում… ամեն օր 11 լիտր ավելորդ թթվածին եմ շնչում:

— Ինքնապատասխանի՞չ ես…

— Ինչո՞վ եմ տարբերվում ինքնապատասխանիչից:

— Որ կենդանի էակ ես…

— Հակառակը… անկենդան եմ…

— Երանի գժերին, որ էլ չեն գժվի… Սևակ կարդացե՞լ ես…

— Հա… չեմ սիրում Սևակ:

— Տանդ մոտակայքում կամուրջ կա՞:

— Ոչ, ինչո՞ւ: Ինքնասպանությա՞ն ես դրդում:

— Ամենևին, ցանկանում եմ վերացնել այն, քանի քո այդ դեռահասի ուղեղով կյանքդ չես կործանել:

— Նման քայլի երբեք չեմ գնա: Դա իմ արժեքներից դուրս է:

— Ավելի լավ… Կյանքի հաճույքը ինչո՞ւմ է կայանում:

— Կյանքի հաճույքը սերն է: Հըմ, ավելի շուտ, արժեհամակարգի հարց կա:

— Սե՞րը…Հավանաբար երբեք իրական սեր չես զգացել, եթե սերը քեզ համար հաճույք է:

— Մի՞թե սիրելուց ու սիրվելուց առավել մեծ հաճույք կա աշխարհում: Սեր հակառակ սեռի, ընտանիքիդ անդամների, ընկերներիդ, կենդանիների, բնության, ամեն ինչի հանդեպ… ամեն բանի հանդեպ սերը իսկական հաճույք է…

— Դա հենց կյանքն է, որ կա:

— Թեկուզ… ես պարզապես ապրել եմ ուզում, միայն ապրել:

— (Նպատակ համար 2) Իսկ ինչպե՞ս ես ապրում:

— Քնել եմ ուզում…

— Խուսափում ես… ինձնի՞ց, թե՞ քեզնից…

— Դե հերիք է փորփրես ինձ…

— Դու ինքդ ես քեզ փորում: Դու ինքդ խնդրեցիր զրուցել քեզ հետ:

— Իսկ հիմա խնդրում եմ, որ լռես, քնել եմ ուզում…

— Շատ լավ: Երբ կարիքս ունենաս, գիտես` ինչպես գտնես ինձ:

— Ես քեզ երբեք չեմ փնտրի:

— Դա քո ընտրությունն է: Բայց մի օր վերադառնալու ես` մտքերիցդ ու զգացմունքներիցդ խեղդված, ու խնդրելու ես, որ փորեմ քեզ….Անձամբ…

 

Այս նյութը հրատարակվել է Պատմվածքներ, Աղջկական, Այլ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

8 Responses to Զրույց գիշերվա հետ…

  1. Blog Newsասում է՝

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. antranigvասում է՝

    Շատ հետաքրքիր էր… հեղինակայի՞ն է 🙂

  3. yeranuhifասում է՝

    Անկասկած 🙂

Թողնել մեկնաբանություն